Մինչ Արցախի կորուստը հայաստանյան հանրային դաշտում «մոդայիկ» էր այս խոսույթը՝ «սրանք եկել են Արցախը տալու», Արցախը հանձնելուց հետո դաշտ նետվեց սահմանադրություն փոխելու թեման, նույն կենտրոնի տակ աշխատող մարդիկ նոր խոսույթ են բերել՝ «սահմանադրությունը փոխում են, որպեսզի ի չիք դարձնեն անկախության հռչակագիրը, փակեն Արցախի թեման և հանեն «Հայոց ցեղասպանության» հարցը: Այստեղ կրկին պետք է հիշել հին հույներին, որոնք կարծում էին, որ արեգակն է պտտվում Երկիր մոլորակի շուրջ, ոչ թե հակառակը, նման կերպ էլ այս մարդիկ են մտածում (կամ այդպես մտածելու աշխատավարձ են ստացել), թե աշխարհի համար մենք այդքան կարևոր ենք:
Հիմա գանք խնդրի աշխարհաքաղաքական համատեքստին. Հայաստանն Արևմուտքին հետաքրքրում է այնքանով, որքանով կարող է վնասել Ռուսաստանին և մասամբ Իրանին, սա է մեր աշխարհաքաղաքական կշիռը, Արևմուտքի աչքերով Հայաստանի անկախություն, «Հայոց ցեղասպանություն», «Արցախյան հիմնախնդիր» հասկացողությունները միայն վերը նշվածում են հետաքրքիր, մնացած պարագաներում ծիծաղելի թեմաներ են:
Հայաստանում այն պրոցեսները որոնք հասցրեցին գունավոր հեղափոխության, որն էլ իր հերթին հասցրեց Արցախի կորստի և տանում է Հայաստանի վերջնական կործանման, մեկ նպատակ ունի՝ հանել Ռուսաստանին տարածաշրջանից՝ հայով և Հայաստանով:
Այսպես. սահմանադրություն փոխելու նպատակն այս է՝ Հայաստանը դարձնել չեզոք (նեյտրալ) պետություն, որը պետք է դուրս լինի ցանկացած ռազմական դաշինքից (այստեղ ցանկացածի տակ պետք է հասկանալ ՀԱՊԿ-ը և դրա տրամաբանությունից ռուսական 102-րդ ռազմաբազան) և ՀԱԵ-ի կարգավիճակը հավասարեցնելը ցանկացած աղանդավորական կազմակերպության. այսպիսով, սահմանադրություն փոխելու նպատակը հայկականության լինելիության երաշխիքները չեզոքացնելն է:
Հայաստանի Արևմուտք գնալն ունի գաղափարական հենք, դա լիբերալ-դեմոկրատիայի ընտրությունն է, երբ էլիտաները թաղվում են անարդարության և անբարոյականության մեջ, պետությունը որպես մեքենա ճանապարհ է ընկնում դեպի Արևմուտք՝ լիցքավորված անարդարության և անբարոյականության «վառելիքով»:
Այս ամենը հետևանքն էր լիբերալ-դեմոկրատիայի (արևմտամետության), որի ամենասուր գործիքն են փորձում գործի դնել Հայաստանի վերջնական կործանման համար, այդ գործիքի անունն է ազգային-պահպանողականություն, որը մեզանում ավելի շատ հայտնի է «ազգայնականություն» եզրույթով:
Լիբերալիզմին կարելի է հակադրվել միայն ճշմարիտ պահպանողականությամբ, որը հիմնված է Աստծո խոսքի վրա, ոչ թե սեփական մեզը խմող Նիցշեի հակամարդկային գաղափարներով ազդված ինչ-որ հայախոս արկածախնդրի, որի «ուսմունքը» փաթեթավորված է ազգային-պահպանողականությանբ, այս դրոշի տակ են «կռվում» հայկական տարազով անբարոյական կանայք և ամբողջ կյանքում հային հարստահարելուց բացի ուրիշ ոչինչ չարած հայախոս տղամարդիկ ու սրանց խամաճիկները:
Մյունխենյան համաժողովին Նիկոլի հանդիպումները և հնչեցրած մտքերը խոսում են Արևմուտքի հովանավորությամբ Նիկոլ-Ալիև նոր հակառուսական օպերացիայի մասին, որը պատերազմով կարող է արվել, եթե սահմանադրություն փոխելը ժամանակատար լինի, և վստահելի արդյունքը երաշխավորված չլինի:
Անխուսափ պատերազմը կարող է նաև տեղափոխության պատճառ դառնալ, որը Հայաստանին տանելու է նոր «Ալեքսանդրապոլի պայմանագրի», այս անգամ՝ ազգային-պահպանողականների ձեռամբ:
Ազատ Ադամյան